Անձնականը՝ ժամանակների արանքում․ Կուարոնի «Ռոմա»-ն

Փրփրաջրի արտացոլանքի մեջ երևում է երկինքը, անցնում է ինքնաթիռ… կադրից դուրս մեկը փրփրաջուրը տարածելով մաքրում է հատակը, արտացոլանքը կորում է, նորից վերադառնում։ Այսպես է սկսվում մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։ 

Անցողիկն ու փոքրը (ինքնաթիռը)՝ լայնի ու տրանսցենդենտալի (երկնքի) մեջ։ Նույն կերպ Կուարոնի կերպարները, նրանց անձնական ապրումներն ու փորձառությունները անցնում են ժամանակների միջով։ 

70-ականներ, Մեխիկո, միջինից բարձր խավի սպիտակ ընտանիք ու միշտեկ (մեսոամերիկյան բնիկ ժողովուրդ) սպասուհիներ, որոնցից մեկը ֆիլմի գլխավոր հերոսն է՝ Քլեոն. լուռ, վախեցած ու շահագործված երիտասարդ մի կին։

Սոֆիան (ընտանիքի մայրը), Անտոնիոն (հայրը), նրանց 4 երեխաներն ու տատիկը՝ Թերեզան, շատ են սիրում Քլեոյին, վերաբերվում նրան ընտանիքի անդամի պես, միասին ֆիլմ դիտում, գնում ճամփորդության, խաղում։ Բայց հաճախ նաև Քլեոյին հիշեցնում են իր աշխատող լինելու մասին, օրինակ՝ նկատողություն անում սեփական սենյակի լույսը գիշերը երկար վառ թողնելու համար, ասելով, որ դա էլեկտրաէներգիայի վատնում է։

Ընտանիքի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ Անտոնիոն փախչում է սիրուհու հետ՝ լքելով Սոֆիային, իսկ Քլեոն պարզում է, որ հղի է։ Սոֆիան ու Թերեզան առաջարկում են օգնել իրենց ամենասիրելի սպասուհուն՝ տանելով նրան բժշկի և հոգալով նրա մնացած կարիքները, սակայն Քլեոյի ընկերը (երեխայի հայրը) անհետանում է, երբ իմանում է նրա հղիության մասին։ Քլեոն պատրաստվում է ծննդաբերությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով իր աշխատանքը և պարզապես շարժվելով աղմկոտ ու փոփոխվող աշխարհով։

Կուարոնը կառուցում է պատմությունը սկսելով ամենակենցաղային փոքր բաներից (շանը խնամելուց, երեխաներին դպրոց տանելուց)՝ ուշադրություն դարձնելով դետալներին, փողոցային կյանքին, 2-րդ պլանում կատարվող գործողություններին, Ռոմա թաղամասի շենքերին ու բակերին։

Խուսափելով մոնտաժից՝ Կուարոնը թույլ է տալիս մեզ հետևել կերպարներին լայնաֆորմատ տարածության մեջ։ Գրեթե չօգտագործելով խոշոր պլաններ և հեռավորություն դնելով դիտողի ու կերպարների միջև՝ Կուարոնը ակտիվացնում է նրանց շրջապատող աշխարհի դետալները։ Քլեոն հաճախ դառնում է քաոտիկ պատկերի մի մասը, օրինակ՝ մարդաշատ շուկայի կամ հենց այն տան, որտեղ անցկացնում է իր ժամանակի մեծ մասը՝ լի աղմկոտ երեխաներով, հարազատներով և սպասուհիներով։ 

Քլեոյի շուրջն աղմկոտ է, բայց հենց Քլեոն գրեթե միշտ լուռ է։ Եվ այս կոնտրաստը ֆիլմի ընթացքին զուգահեռ էլ ավելի է ուժեղանում՝ արտացոլելով նրա միայնակությունը և իր երեխայի ծննդաբերության հետ կապված անհանգստությունը։ 

Կնոջ միայնակությունը ֆիլմի գլխավոր թեման է։ «Ինչ էլ, որ ասեն, մենք՝ կանայք, միշտ միայնակ ենք», – ասում է Սոֆիան Քլեոյին։ 

«Ռոմա»-ի կանայք միայնակ են մասկուլին աշխարհում։ Ֆիլմի իմ ամենասիրելի տեսարաններից մեկը լավագույնն է արտացոլում այս թեման։ Քլեոն գնում է փնտրելու իր ընկերոջը վերջինիս աղքատ թաղամասում. ցեխոտ փողոցներ, թիթեղյա տներ, բարձրախոսները ազդարարում են նախագահ Լուիս Էչևերիայի՝ աղքատության դեմ պայքարելու ենթադրյալ ջանքերը, կրկեսի արտիստին ծափահարությունների ներքո կրակում են թնդանոթից: Քլեոն վերջապես գտնում է ընկերոջը՝ տասնյակ տղամարդկանց հետ դաշտում մարտարվեստ պարապելիս։   

Այս տեսարանը և ընդհանրապես ֆիլմը մեծ քաղաքական ենթատեքստ ունեն։ Մեխիկոյի կառավարությունը համագործակցելով Միացյալ Նահանգների հետ՝ մարքսիստական ուսանողական շարժումը ճնշելու նպատակով ստեղծել էր զինված խմբավորում, որը կոչվում էր «Los Halcones»։ Աղքատ թաղամասերից հավաքագրվում էին երիտասարդներ (ուսանողական տարիքի), ովքեր կմտնեին համալսարաններ և կճնշեին ցույցերը՝ գործադրելով բռնություն, որպեսզի ուժայինների ռազմական գործողությունները «արդարացվեին»։ 

Ֆիլմի շրջադարձային կետերից մեկը տեղի է ունենում Մեխիկոյի պատմության մեջ հայտնի ուսանողական ցույցերից մեկի ժամանակ, որը հայտնի է «Կորպուս Քրիստիի կոտորածը» անունով (ուժայինները սպանել են ավելի քան 120 ցուցարարի): Երբ Քլեոն Թերեզայի հետ իր ապագա երեխայի համար օրորոց են նայում խանութում, ներս են մտնում «Los Halcones»-ի մի քանի անդամներ ու սպանում խանութում թաքնված ցուցարարներից մեկին։ Զինված խմբավորման անդամներից մեկը Քլեոյի նախկին ընկերն է լինում, որը զենքը պահելով հղի կնոջ վրա և գիտակցելով իրավիճակը, հեռանում է խանութից։ Սթրեսից Քլեոյի «ջրերը գնում են» և նա ստիպված է լինում վաղաժամ ծննդաբերել՝ կորցնելով երեխային։ 

Քաղաքական իրադարձությունների կիզակետում հայտնված Քլեոն առաջին հայացքից ոչինչ չհասկացողի տպավորություն է թողնում, բայց իրականում նա ընդամենը միայնակ կին է, որի վրա են բարդվել բուրժուական աշխարհի բարոյական սահմանափակումները։ Ֆիլմի վերջում Քլեոն, վտանգելով սեփական կյանքը, փրկում է Սոֆիայի երեխաներից մեկին ծովում խեղդվելուց, չնայած որ լողալ չգիտեր։ Սոֆիան ու երեխաները գրկում են Քլեոյին ու միասին լացում։ Ընտանիքը վերադառնում է տուն և Քլեոն անցնում է իր աշխատանքին՝ սկսելով լվացք անել։ 

Համակարգը շարունակում է պտտել ցիկլը։ Հարուստները կարող են պլանավորել իրենց ապագան, իսկ աղքատներն ունեն երկու ընտրություն՝ սպանվել կամ լռեցվել։ Նրանց ապագան (Քլեոյի երեխայի պես) վաղամեռ է։

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started